Դավոսում անցկացված Համաշխարհային տնտեսական ֆորումում Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է, որ միջազգային կանոնների նախկին համակարգն այլևս չի գոչծում։ «Մեզ ավելի ու ավելի են հիշեցնում, որ ապրում ենք մեծ տերությունների մրցակցության դարաշրջանում։ Ուժեղներն անում են այն, ինչ կարողանում են, իսկ թույլերը ստիպված են հանդուրժել այն ամենը, ինչ պարտադրվում է իրենց: Եթե դուք սեղանի շուրջ չեք, ուրեմն ճաշացանկում եք»,- ասել է Քարնին։                
 

Երբ ձախողված վարչապետը որոշում է Եկեղեցու «կանոնները»

Երբ ձախողված վարչապետը որոշում է Եկեղեցու «կանոնները»
16.12.2025 | 12:26

Նիկոլ Փաշինյանի վերջին գրառումը, որը վերաբերում է Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին կյանքին, հնարավոր չէ պարզապես կարծիք համարել:

Այն ուղիղ միջամտություն է Եկեղեցու ինքնավարությանը և բացահայտորեն հակասում է ՀՀ Սահմանադրության 17-րդ հոդվածին, որի համաձայն՝ Եկեղեցին առանձնացված է պետությունից և ինքնուրույն է իր ներքին կառավարման հարցերում։

Իշխանության այս քաղաքականությունը համեմատելի է խորհրդային ժամանակների ռեպրեսիվ միջամտությունների հետ:

Վարչապետը սկզբում Կաթողիկոսին մեղադրում էր կուսակրոնության ուխտը խախտելու մեջ, ապա նրան որակեց որպես լրտես, իսկ այժմ էլ մեղադրում է Եկեղեցում «ապականոնական վիճակ» ստեղծելու համար։

Մեղադրանքների այս հերթափոխը չի խոսում սկզբունքայնության մասին, այլ վկայում է մեկ կանխորոշված նպատակին ծառայող քաղաքական վարքագծի մասին՝ Եկեղեցին իշխանության վերահսկողության տակ առնելու։

Առնվազն տարակուսելի է, երբ Սահմանադրությունը խախտող, 2021 թվականին ընդունված Կառավարության ծրագիրը փաստացի տապալած վարչապետը, հրաժարական տալու փոխարեն, փորձում է «օրինականություն» հաստատել պետությունից անկախ հոգևոր կառույցում։

Այս համատեքստում Կանոնագրքի թեման երկրորդական է․ իրական խնդիրը իշխանության ձգտումն է վերահսկողություն հաստատել այն ինստիտուտի նկատմամբ, որը մինչ այժմ չի ենթարկվել քաղաքական կամքին։

Այսօր հարցը Եկեղեցու Կանոնագիրքը չէ։

Հարցն այն է, թե արդյոք Հայաստանում դեռևս թույլատրվում է ինքնավար հանրային ինստիտուտների գոյությունը, որոնք չեն ղեկավարվում վարչապետի կաբինետից։

Ընդհանուր առմամբ, սա խորքային ճգնաժամ է Հայաստանի ներքին կյանքում, որը կարող է ազդել ազգային միասնության վրա:

Եկեղեցին դարեր շարունակ եղել է հայկական ինքնության կարևոր մաս, և նման հակամարտությունը խիստ վտանգավոր է, որը կարող է հարուցել իրավունքի և ինքնության ճգնաժամ:

Եկեղեցին կարող է և պարտավոր է լուծել իր ներքին խնդիրները իր իսկ կանոններով և ընթացակարգերով, ոչ թե Փաշինյանի կողմից թելադրվող «ճանապարհային քարտեզով»։

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 13038

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ